Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գերիների փոխանակման միակ իրական մոդելը «բոլորը բոլորի դիմաց» մոդելն է։ Այս մասին նա ասել է G20-ի գագաթաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում, որը հրապարակվել է նախագահի գրասենյակի Telegram-ի ալիքում։

«Մեր հազարավոր մարդիկ, զինվորականներ եւ քաղաքացիական անձինք գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց խոշտանգում են։ Բացի այդ, մենք անուններով գիտենք 11 հազար երեխաների, որոնք ուժով արտաքսվել են։ Նրանց բաժանում են իրենց ծնողներից։ Կան նաեւ երեխաներ, որոնց ծնողները սպանվել են ռուսական հարվածների հետեւանքով, իսկ հիմա նրանց պահում են «մարդասպան» պետությունում»,-ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ պետք է ազատել այդ բոլոր մարդկանց։ «Այդ թվին գումարեք եւս հարյուր հազարավոր արտաքսված մեծահասակների, եւ կտեսնեք, թե ինչ հումանիտար աղետի է հանգեցրել ռուսաական պատերազմը։ Այդ թվին գումարեք նաեւ քաղբանտարկյալների, որոնք պահվում են Ռուսաստանում եւ ժամանակավոր օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Ղրիմում։ Մենք պետք է ազատենք այդ մարդկանց․․․Մենք չենք կարող սպասել։ Գերիների փոխանակման միակ իրական մոդելը «բոլորը բոլորի դիմաց» մոդելն է»,-հավելել է Զելենսկին։