Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունն առայժմ որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել Դուբրովնիկում հոկտեմբերին կայանալիք լիագումար նստաշրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հնարավոր քննարկման մասին, սակայն պատրաստ է ցանկացած զարգացման: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի հայտարարությունը, թե հակամարտությունն ընդգրկված է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի օրակարգում:
«Ինչպես գիտեք ԵԱՀԿ տարեկան նստաշրջանում Բելգրադում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ հույն Պետրոս Էֆթիմիուն հայտարարեց, որ նշանակում է Հարավային Կովկասի հարցերով հատուկ զեկուցողը ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի Ժոաո Սոարեշն է: Պարոն Սոարեշը, կարծում եմ, անցած երկու ամիսների ընթացքում նախապատրաստել է որոշակի մոտեցումներ եւ հնարավոր է, որ նա, ինչպես իր նախորդ Գորան Լենմարկերը, օգտագործի նստաշրջանների ժամկետը եւ հնարավորությունները` քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- նկատեց Արամ Սաֆարյանը` չբացառելով նման հնարավորությունը, սակայն հավելեց. «Ուզում եմ ասել, որ որեւէ պաշտոնական տեղեկատվություն այդ մասին մենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյից առ այս պահը չենք ստացել: Մենք պատրաստ ենք նման քննարկումների այնպես, ինչպես պատրաստ ենք եղել դրան նախորդ բոլոր տարիներին, բոլոր անցնող նստաշրջաններում»:
Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ դեռեւս Վիեննայում անցած ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի նախօրեին ասել էր, որ իր կարծիքով, «նման քննարկումները խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում խորհրդարանական դիվանագիտության ներուժի ներգրավմամբ կարող են լինել արդյունավետ այն դեպքում, երբ պաշտոնական դիվանագիտությունը` մեր երկու երկրների նախագահները, արտգործնախարարությունները կարողանան արձանագրել էական, շոշափելի առաջընթաց բանակցային գործընթացում»:
«Առանց նման առաջընթացի չեմ կարծում, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է լինել էական, կամ առանձնապես օգտակար: Բայց այդուհանդերձ ես չեմ բացառում, որ աշխատանքային կարգով, պարոն Սոարեշի ջանքերին սատարելու նպատակով մենք կարող ենք ունենալ աշխատանքային քննարկումներ Դուբրովնիկում կամ դրանից հետո»,- նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավարն ու ամփոփեց. «Հուսով ենք նաեւ, որ Ժոաո Սոարեշը մոտ ապագայում կայցելի տարածաշրջանում եւ այնպիսի զեկույց կներկայացնի, որը կբավարարի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների տեղեկացվածությունը»:
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանը կայանալու է Դուբրովնիկում, հոկտեմբերի 5-ից 9-ը:



























