«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 7-ին գրանցված նորածնի մահվան առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։ Սկսվել է նախաքննություն, կատարվել են առաջնային քննչական գործողություններ, առգրավվել են բժշկական համապատասխան փաստաթղթերը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել։ Ծննդկանը կայքի հետ զրույցում մեղադրել էր բժիշկներին։
Բժշկական կենտրոնից NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ մահացած նորածնի մայրն ունեցել է չորրորդ աստիճանի ճարպակալում, եղել է կյանքի վտանգի ցուցում։




























