Հնագետները Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի կառուցման ժամանակ տարբեր դարաշրջանների ավելի քան 130 000 հնագիտական գանձեր են գտել: Դրանք բոլորը գտնվում են պատմական կենտրոնում։
Վենիզելոս կայարանում պեղումներ կատարող խումբը հայտնաբերել է հնագույն ճանապարհի հետքեր, որը եղել է քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը, ինչպես նաեւ բյուզանդական ծառուղի եւ 15-17-րդ դարերի շենքերի մնացորդներ:
«Ագիա Սոֆիա» կայարանում հայտնաբերել են հելլենիստական եւ հռոմեական շենքերի հիմքեր, մարմարով սալարկված հրապարակ, երկրաչափական նախշերով մեծ խճանկար, սյուներով ճանապարհ, բաղնիք եւ բյուզանդական շրջանի մի շարք խանութներ ու արհեստանոցներ։
Բյուզանդական կայսրության գոյության առաջին տարիներից Սալոնիկը համարվել է կայսրության երկրորդ քաղաքը Կոստանդնուպոլսից հետո եւ ունեցել է 150 000 բնակչություն։




























