Dpa լրատվական գործակալության պատվերով YouGov-ի սոցիոլոգների կողմից անցկացված հարցումների համաձայն՝ գերմանացիների 55 տոկոսը կարծում է, որ Գերմանիայի հետախուզական ծառայությունները բավականաչափ հաջողությամբ չեն պայքարում լրտեսների դեմ: Միայն 20 տոկոսն է հակառակ կարծիքին, հայտնում է dpa-ն։

Ընդ որում, հարցվածների մոտ մեկ քառորդը դժվարացել է որոշակի կարծիք հայտնել այդ հարցի վերաբերյալ։ Սոցիոլոգները դա պայմանավորում են նրանով, որ հատուկ ծառայությունների աշխատանքը հիմնականում տեղի է ունենում ստվերում եւ քաղաքացիների համար այնքան տեսանելի չէ, որքան ոստիկանության աշխատանքը։

Ըստ նույն հարցման՝ գաղտնի ծառայությունների նկատմամբ առավել մեծ վստահություն ունեն գերմանական ընտրություններում Քրիստոնեադեմոկրատական միության, «կանաչների» կամ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկած մարդիկ։ Իսկ ահա «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը եւ «Ձախ կուսակցությանն» ընտրողները, ընդհակառակը, ավելի շատ են քննադատում նման ինստիտուտները, գրում է Deutsche Welle-ն։

Հատուկ ծառայությունների աշխատանքի որակի հարցը արդիական է դարձել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակիցը։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Կարստեն Լ.-ն ղեկավար պաշտոն է զբաղեցրել հույժ գաղտնի տեխնիկական հետախուզության վարչությունում եւ գործ է ունեցել օտարերկրյա բանակների, «թեժ կետերում» իրավիճակների, օտարերկրյա կառավարություններում կոռուպցիայի, ահաբեկիչների եւ զենք վաճառողների վերաբերյալ կարեւոր տվյալների հետ: Նման տեղեկատվությամբ, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված, նա մատակարարել է ոչ միայն Գերմանիայի կառավարությանը, այլեւ ռուսական հատուկ ծառայություններին, կարծում են գերմանական ԶԼՄ-ները։