Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը աջակցում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ընդգրկելու առաջարկին՝ ի պատասխան երկրում «մարդու հիմնարար իրավունքների» «ոտնահարման», հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Իրանի վարչակարգի արձագանքը դաժան է եւ սարսափելի, նրանք ոտնահարում են մարդու հիմնական իրավունքները», - ասել է նա լրագրողներին Շվեյցարիայի Դավոս լեռնադահուկային հանգստավայրում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
Եվրամիությունը քննարկում է Թեհրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլը։ Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հաջորդ շաբաթ պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամները։
Սակայն, միության անդամ որոշ երկրներ կոչ են արել ավելի հեռուն գնալ եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Սպասվում է, որ Մեծ Բրիտանիան առաջիկա շաբաթների ընթացքում նման որոշում կկայացնի:
«Մենք իսկապես դիտարկում ենք պատժամիջոցների նոր փուլը, եւ ես նույնպես կաջակցեի ցուցակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընդգրկմանը: Ես լսել եմ, որ մի քանի նախարարներ դա են խնդրում եւ կարծում եմ, որ նրանք իրավացի են»,- ասել է ֆոն դեր Լեյենը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն որակելը կնշանակի, որ այս խմբին պատկանելը, նրա հանդիպումներին մասնակցելը եւ դրա տարբերանշանը հրապարակայնորեն կրելը կդառնա քրեական հանցագործություն։



























