Ֆրանսիական CGT արհմիությունը սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն օրենսդիրներին եւ միլիարդատերերին հինգշաբթի համազգային գործադուլից առաջ՝ կապված կենսաթոշակային տարիքը բարձրացնելու կառավարության ծրագրի դեմ ավելի ու ավելի կատաղի պայքարի հետ, հաղորդում է Reuters-ը:
Առաջարկվող օրինագծում, որի մասին հայտարարվել է անցած շաբաթ, կենսաթոշակային տարիքը 62-ից կբարձրացվի մինչեւ 64 տարեկան, ինչին, ինչպես ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցումները, դեմ է ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը։
Հինգշաբթի գործադուլին կմասնակցեն ամբողջ Ֆրանսիայում տրանսպորտի, կրթության եւ էներգիայի ոլորտների աշխատակիցներ։ Բացի այդ, խոշոր երթեր կանցկացվեն նաեւ Փարիզում եւ այլ քաղաքներում։
«Լավ կլիներ, եթե մենք նրանց հոսանքազրկեինք, որպեսզի նրանք մի քանի օրով պատկերացնեին ֆրանսիացիների դրությունը, որոնք չեն կարող իրենց թույլ տալ վճարումներ անել»,-France 2 հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ արհմիության՝ CGT-ի առաջնորդ Ֆիլիպ Մարտինեսը:
CGT-ից Սեբաստիան Մենեսփլայերը սպառնացել է անջատել պատգամավորների գրասենյակների էլեկտրականությունը։
Կառավարության ներկայացուցիչ Օլիվիե Վերանը հայտարարել է, որ էլեկտրականությունն անջատելու սպառնալիքներն «անընդունելի են»։
Ամենաշատը կտուժի հասարակական տրանսպորտը. հինգշաբթի կդադարեցվի գնացքների աշխատանքը, մի շարք չվերթներ կչեղարկվեն։
Միեւնույն ժամանակ, ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը հայտարարել է, որ բողոքի երթերի ընթացքում տեղում կլինեն ավելի քան 10 000 ոստիկաններ:
Ոստիկանության տվյալներով՝ հինգշաբթի Փարիզում ցույցերին կարող է ներկա լինել մոտ 1000 մարդ, որոնք «պոտենցիալ հակված են բռնության»։ Նշվում է, որ խոսքը ծայրահեղ ձախականների եւ «Դեղին բաճկոններ» շարժման նախկին աջակիցների մասին է։




























