Նյու Յորքի ոստիկանությունը երկուշաբթի ձերբակալել է բեռնատարի վարորդին, որին մեղադրում են հետիոտներին միտումնավոր վրաերթի ենթարկելու մեջ։ Վրաերթի հետեւանքով վնասվածքներ է ստացել առնվազն ութ մարդ։ Կասկածյալը վարում էր U-Haul տրանսպորտային ընկերությանը պատկանող բեռնատարը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Բրուքլինի Բեյ Ռիջ շրջանում վրաերթի հետեւանքով երկու տուժող ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, եւս երկուսի վիճակը ծանր է, վթարի վայրում լրագրողներին տեղեկացրել է քաղաքի ոստիկանության կոմիսար Կիչանտ Սյուելը։
Չորս մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, ասել է նա՝ ավելացնելով, որ տուժածների մեջ նաեւ ոստիկան կա։
Ոստիկանությունն առայժմ չի նշել կասկածյալի անունը։ Սակայն New York Times թերթը, հղում կատարելով իրավապահ մարմինների երկու բարձրաստիճան աշխատակիցներին, տեղեկացրել է, որ վարորդի անունը Վեն Սոր է։ NBC-ի տվյալներով՝ նա 62 տարեկան է։
Քաղաքային խորհրդի անդամ Ջասթին Բրենանը, որը ներկայացնում է Բեյ Ռիջ շրջանը, NY1 լրատվական գործակալությանն ասել է, որ միջադեպը «պատահական էր թվում, բայց, հավանաբար, միտումնավոր է եղել»։
«Այդ վարորդը գիտեր ինչ է անում, գիտեր, որ մարդկանց է վրաերթի ենթարկում»,- ասել է Բրենանը՝ ավելացնելով, որ երբ վարորդին կանգնեցրել են, նա ոստիկանությանն ասել է. «Ես ուզում եմ մեռնել»։





























