Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը կոտրած LockBit հաքերների խումբը փոստից որպես «փրկագին» 80 մլն դոլար է պահանջել։
Հունվարին Թագավորական փոստը տեղեկացրել էր ծանրոցների կամ նամակների արտասահման ուղարկման ձգձգումների կամ անհնարինության մասին՝ կիբեռգրոհի պատճառով, դրանից հետո Telegraph բրիտանական թերթը կիբեռգրոհի մեղավոր էր ճանաչել «ՌԴ-ի հետ կապված» հաքերներին LockBit խմբից, որը դրամաշորթ-ծրագրերի ծառայություններ է մատուցում։
Financial Times պարբերականի տվյալներով՝ Թագավորական փոստն ավելի քան երեք շաբաթ բանակցություններ է վարել հաքերների հետ՝ քննարկելով ընկերության եկամուտներն ու բիզնես-խնդիրները։ Բանակցությունների շրջանակում LockBit-ի հաքերները պահանջել են International Distribution Services ընկերության, որի մեջ է մտնում Թագավորական փոստը, տարեկան հասույթի 0,5 տոկոսը։
Իր հերթին, փոստի բանակցողներից մեկը հայտարարել է, որ «ոչ մի դեպքում» չեն վճարի սահմանված գումարը, քանի որ այդ գումարը «երբեք չի կարող լուրջ ընկալվել մեր վարչության կողմից»։
Ինչպես գրել է պարբերականը, հաքերները «սպառնացել են հրապարակել Թագավորական փոստի տվյալների մեծ ծավալներ», եթե բանակցությունները ձախողվեն։





























