Այժմ զբոսաշրջիկները կրկին կկարողանան այցելել Պերուում ինկերի Մաչու Պիկչու քաղաք, համալիրը սկսում է աշխատել փետրվարի 15-ից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի մշակույթի նախարարությանը։
«Հայտարարվում է փետրվարի 15-ից Մաչու Պիկչու սուրբ քաղաքի բացման մասին՝ նույն պայմաններով եւ նույն ժամանակացույցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեսարժան վայրը այցելությունների համար փակվել է հունվարի 21-ին՝ տարածաշրջանում եւ երկրում բողոքի լայնածավալ սոցիալական ցույցերի պատճառով։ Այն ժամանակ Մաչու Պիկչուի արվարձաններում ավելի քան 400 մարդ էր (նրանց մեծ մասը՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ) մնացել, քանի որ անհայտ անձինք քանդել էին դեպի պատմական հուշարձան տանող երկաթուղային գծերը։
Պերուում բողոքի ցույցերը դեկտեմբերի կեսերից են անցկացվում։ Ցուցարարները պահանջում են նախագահի, կոնգրեսի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրություններ։
Մաչու Պիկչուն հին Ամերիկայի ամրոց է, որը գտնվում է ժամանակակից Պերուում, այն հաճախ անվանում են «ինկերի կորած քաղաք»։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։




























