Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արդեն շտապել է հայ գլխավոր դիվանագետի այցը Թուրքիա «պատմական» անվանել։ Բրյուսելը չափազանց շահագրգռված է, որ Երեւանն ինքնուրույն կառուցի հարաբերություններ իր բոլոր հարեւանների հետ՝ առանց Մոսկվայի խնամակալության օգնության։ Հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այս մասին Bunin & Co Telegram-ալիքում գրել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Բայց եթե անգամ փակագծերից դուրս հանենք Եվրամիության քաղաքական մոտեցումները, ապա հայ-թուրքական բարձր մակարդակի ցանկացած շփում հատուկ ուշադրություն է գրավում։ Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ դեռ չկան, իսկ երկու պետությունների միջեւ տարաձայնությունները դեռ մեծ են։ Կարո՞ղ ենք արդյոք Միրզոյանի այցը համարել ինչ-որ շրջադարձային կետ։ Առաջին հերթին արժե ուշադրություն դարձնել այցի համատեքստին։ Թուրքիան այժմ համազգային մասշտաբի ողբերգություն է ապրում։ Երկրաշարժն առաջին հերթին հանգեցրել է մարդկային մեծ կորուստների։ Բայց այն նաեւ սթրեսակայունության փորձություն է դարձել ամբողջ թուրքական հասարակության եւ պետական ինստիտուտների համար:
Այս իրավիճակում Հայաստանը հարեւան երկիր է ուղարկել մարդասիրական բեռների մի քանի խմբաքանակ։ Երկրաշարժից տուժածներին օգնելու համար Թուրքիա է ժամանել 27 հայ փրկարար։ Հայաստանն ինքը մեկ անգամ չէ, որ հայտնվել է նմանատիպ իրավիճակներում, նրա քաղաքացիներին պետք չէ բացատրել, թե որքան կարեւոր է աջակցությունն ու օգնությունը։ Եվ այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գործողություններն անկեղծ են թվում։ Բայց կարո՞ղ են արդյոք բարի կամքի այս դրսեւորումները փոխել միջպետական հարաբերությունների քաղաքական բնույթը։ Այս հարցի պատասխանն այնքան էլ ակնհայտ չէ։ Իհարկե, հայկական կողմի ժեստերը դրական կընդունվեն Անկարայում։
Եվ դրանք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն Միրզոյանի եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի միջեւ բանակցությունների համար։ Սակայն խորհրդանշական քայլերին անխուսափելիորեն կհաջորդի բարդ երկկողմ օրակարգը։ Եվ այստեղ մենք չենք կարող շեղվել ոչ Լաչինի ճգնաժամի թեմայից, ոչ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներից, ոչ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Բանակցություններում էմոցիոնալ եւ հոգեբանական մթնոլորտի փոփոխությունը կարեւոր է, կասկած չկա: Բայց ինքնին, առանց երկու կողմերից ընդունված կոնկրետ որոշումների, այն չի հանգեցնի նրան, որ այցն առանց չակերտների պատմական դառնա»,- գրել է փորձագետը։





























