Մարտին Պակիստանում տարեկան գնաճը հասել է 35,37 տոկոսի, որն ամենաբարձրն է հինգ տասնամյակի ընթացքում. շրջան, երբ երկրի կառավարությունը փորձում է կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պայմանները՝ խիստ անհրաժեշտ օգնությունն ստանալու համար, տեղեկացրել է AFP-ն։
Ամսական գնաճը կազմել է 3,72 տոկոս՝ ըստ կառավարական տվյալների, որոնք հրապարակվել են շաբաթ օրը, իսկ գնաճի միջին մակարդակը վերջին մեկ տարում կազմել է 27,26 տոկոս։
Ֆինանսական անտնտեսվարության եւ քաղաքական անկայունության տարիները Պակիստանի տնտեսությունը հասցրել են կործանման եզրին, ինչը վատթարացել է համաշխարհային էներգետիկ ճգնաժամի եւ 2022թ. երկրի մեկ երրորդ մասում ավերիչ հեղեղումների պատճառով։
Երկիրը միլիարդավոր դոլարների ֆինանսավորման կարիք ունի՝ պարտքը սպասարկելու համար, այն դեպքում, երբ արժութային պաշարները կրճատվել են, իսկ ռուփին ազատ անկման վիճակում է։
«Հասունանում է քաղցի նմանվող մի իրավիճակ»,- գրել է վերլուծաբան Շահիդա Վիզարաթը։
Հարավային Ասիայի այս երկիրը, որտեղ ավելի քան 220 մլն մարդ է ապրում, խրվել է պարտքերի մեջ եւ պետք է իրականացնի կոշտ հարկային բարեփոխումներ, բարձրացնի կոմունալ ծառայությունների գները, եթե հույս ունի ստանալ ԱՄՀ-ի հերթական տրանշը՝ 6,5 մլրդ դոլարի չափով, եւ խուսափել դեֆոլտից։
Գնաճը կմնա «բարձր մակարդակի շուկայական սահմանափակումների պատճառով՝ պայմանավորված առաջին անհրաժեշտության ապրանքների պահանջարկի եւ առաջարկի հարաբերական խզմամբ, փոխարժեքի անկմամբ, բենզինի եւ դիզվառելիքի վարչական գների բարձրացմամբ»։




























