ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգում դպրոցների սուպերինտենդանտի պաշտոնի հավակնորդ Վիտո Պերոնեն ասել է, որ իրեն աշխատանքի չեն ընդունել այն պատճառով, որ դպրոցական կոմիտեի երկու կանանց դիմել է «լեդի» դիմելաձեւով։ Նրանք այդ դիմելաձեւը համարել են «միկրոգարեսիա», տեղեկացրել է New York Post-ը։
Պերոնեին Իսթհեմփթոնի դպրոցների ղեկավարի պաշտոնն առաջարկել էին մարտի 24-ին, բայց նա զրկվել է այդ հնարավորությունից՝ դպրոցների կոմիտեի նախագահ Սինտիա Կվեցինսկիին եւ գործադիր օգնական Սյուզաննա Քոլբիին ուղարկած էլեկտրոնային նամակում «լեդի» դիմելաձեւը կիրառելու պատճառով, տեղեկացրել է Daily Hampshire Gazette-ը։
Նրա խոսքով՝ նշյալ «լեդիներն» իրեն ասել են, որ այդ դիմելաձեւն իրենք ընկալել են որպես թշնամական եւ նվաստացուցիչ, եւ ավելացրել են, որ «այն փաստը, որ նա դա չգիտեր որպես մանկավարժ, խնդիր է հանդիսանում»։
«Ես ցնցված էի,- ասել է նա տեղի պարբերականին։- Ես մեծացել եմ այն ժամանակներում, երբ «լեդի» եւ «ջենթլմեն» դիմելաձեւերը հարգանքի նշան էին։ Ես չէի պատրաստվում վիրավորել որեւէ մեկին»։





























