ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր առաջնահերթ աշխատանքն է համարում հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն ու դրան նպաստելը: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:
«Հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ընդհանրապես չեմ խոսելու ընդդիմադիր, իշխանական, հասարակական-քաղաքական գործիչ դիրքերից, որովհետև ՄԻՊ-ի առաքելությունն ընհանրապես չի տեղավորվում հիշյալ համատեքստում»,- ասաց նա:
Մանասյան կարծիքով՝ մարդու իրավունքների համատեքստում ընկած է երկու գաղափար՝ արժանապատվության և հանդուրժողականության:
«Իմ առաջնահերթ նպատակը հենց հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն է և դրան նպաստելը, որովհետև առանց նման մթնոլորտի, հնարավոր չէ ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ո՛չ գործիքակազմ, ո՛չ էլ հնարավոր է որևե տեսանկյունից մտածել մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մասին»,-ասաց Մանասյանը:
Նա հայտնեց, որ ՄԻՊ-ի հիմնական գործիքակազմը խնդիրները տեսնելն ու արձանագրելն է, բայց այն միակը չէ և կարևորեց միջազգային չափանիշների համաձայն երկու այլ գործիքակազմերի օգտագործումը:
«Դրանցից մեկը հաշտարարության գործառույթն է, որը ՄԻՊ-ն իրականացնում է հանրության և իշխանության միջև և կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը վերանայելը»,-հայտնեց ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն:
Հայտարարելով, որ համակարգը կատարելագործման լուրջ կարիք ունի՝ Անահիտ Մանասյանն ընդգծեց ազատության իրավունքի սահմանափակման դեպքերը, ինչպես նաև խոշտանգումների, անհամաչափ ուժի կիրառման խնդիրները, որոնք, ըստ նրա, պետք է համատեղ ուժերով լուծվի:
ՄԻՊ-ի իշխանական թեկնածուն խոսեց նաև խտրականության արգելքի սահմանափակման խախտման դեպքերի մասին՝ պնդելով, որ այն ոչ միայն քաղաքական հարաբերություններում է նկատվում այլև այլ հարաբերություններում:





























