«Քաղբանտարկյալ» հասկացությունը բնորոշվում է մի քանի կարեւոր չափորոշիչներով, որոնք սահմանել են միջազգային տարբեր կազմակերպություններ։ Այս մասին Ազգային ժողովում, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի օմբուդսմենի թափուր պաշտոնի թեկնածուի հարցի քննարկան ժամանակ, ապրիլի 4-ին հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու, հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ մարդու քաղաքական գործունեությունը, ինչպես եւ քրեական հետապնդումը որեւէ հակաիրավական գործողության համար, ինքնին հիմք չեն, որպեսզի անձը քաղաքական բանտարկյալ համարվի։ «Ավելին, որեւէ խախտում թույլ տված մարդը, անկախ գործունեության տեսակից, այդ թվում քաղաքական, պետք է պատասխանատվություն կրի։ Յուրաքանչյուր այդպիսի դեպք պետք է դառնա լուրջ հետաքննության առարկա։ Մենք պարտավոր ենք որոշել, թե կարող է արդյոք այս կամ այն անձը համարվել քաղբանտարկյալ, թե ոչ։ Ներկա պահին ես կարող եմ միայն արձանագրել միջազգային այն կառույցների եւ կազմակերպությունների զեկույցները, որոնք ներկայացրել են սեփական գնահատականները Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին։ Այս փուլում նրանք գրանցել են, որ չկան Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հաստատող տվյալներ»,- նշել է Մանասյանը։
Մյուս կողմից, ավելացրել է նա, անհրաժեշտ է լրջորեն աշխատել համընդհանուր հավասարության սկզբունքի պահպանման ուղղությամբ, որն անկողմնակալ մոտեցում կապահովի։
Անթույլատրելի է կիրառել երկակի ստանդարտներ եւ ստեղծել իրավիճակներ, որոնց դեպքում մեկ անձը պատասխանատվություն կկրի մի արարքի համար, իսկ մյուսը կարող է խուսափել պատժից նման արարքի համար միայն այն պատճառով, որ որոշակի քաղաքական գծի կողմնակից է։ Անահիտ Մանասյանի կարծիքով՝ պետության ընդհանուր խնդիրը պետք է լինի նման դեպքերի բացառումը։



























