Գաղտնիության վերահսկողության բրիտանական մարմինը երեքշաբթի ТikTok ընկերությանը բազմամիլիոնանոց տուգանք է սահմանել երեխաների տվյալների ոչ իրավաչափ օգտագործման եւ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության այլ միջոցների խախտման համար, հաղորդում է The Associated Press-ը:     

12,7 միլիոն ֆունտ սթեռլինգի (15,9 միլիոն ԱՄՆ դոլար) չափով տուգանք է նշանակել չինական վիդեո հավելվածին:  

Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինը, որը հետաքննել է տվյալների խախտման դեպքերը 2018-ի մայիսից մինչեւ 2020-ի հուլիս ընկած ժամանակահատվածում, հայտարարել է, որ 2020-ին TikTok-ը թույլ է տվել օգտագործել հավելվածը Մեծ Բրիտանիայում մինչեւ 13 տարեկան 1,4 միլիոն երեխաների, չնայած այն հանգամանքին, որ պլատֆորմի կանոններն արգելում են այդ տարիքի երեխաներին հաշիվներ բացել:

TikTok-ը պատշաճ կերպով չի հայտնաբերել կամ հեռացրել 13 տարեկանից ցածր երեխաներին հարթակից՝ նույնիսկ իմանալով, որ փոքր երեխաներն օգտագործում են հավելվածը, ասել է բրիտանական կարգավորիչը: TikTok-ը նաեւ չի ստացել ծնողների համաձայնությունը իրենց տվյալների մշակման համար, ինչպես պահանջում են տվյալների պաշտպանության մասին բրիտանական օրենքները, նշել է գործակալությունը:                

Իր հերթին չինական ընկերությունը հայտարարել է, որ համաձայն չէ վերահսկիչ մարմնի որոշման հետ:

«Մենք մեծ ներդրումներ ենք կատարում՝ 13 տարեկանից ցածր երեխաներին հարթակ չթողնելու համար, եւ մեր 40,000-անոց անվտանգության թիմը աշխատում է շուրջօրյա՝ ապահովելու համար, որ հարթակն անվտանգ լինի մեր համայնքի համար»,-ասվում է TikTok-ի հայտարարության մեջ:   

Տուգանքը տարածվում է նաեւ տվյալների գաղտնիության մասին բրիտանական օրենսդրության այլ խախտումների վրա:

Վերահսկիչ մարմնի կարծիքով՝ TikTok-ը չի կարողացել պատշաճ կերպով տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են իրենց տվյալները հավաքվում, օգտագործվում եւ տարածվում։ Առանց այս տեղեկատվության, քիչ հավանական է, որ երիտասարդ օգտվողները կարողանան «տեղեկացված ընտրություն կատարել» այն մասին, թե արդյոք նրանք օգտագործում են TikTok-ը եւ ինչպես դա անել:

TikTok նաեւ չի ապահովել բրիտանացի օգտատերերի անձնական տվյալների օրինական, արդար եւ թափանցիկ մշակումը, հայտարարել է կարգավորիչը: 

Ի սկզբանե TikTok-ին սպառնում էր 27 միլիոն ֆունտ սթեռլինգ տուգանք, որը կրճատվել է այն բանից հետո, երբ ընկերությունը համոզել է կարգավորիչներին հրաժարվել այլ մեղադրանքներից:

Ամերիկյան կարգավորիչները 2019 թվականին տուգանել են TikTok-ին 5,7 միլիոն դոլարով՝ կապված երեխաների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման նմանատիպ մեղադրանքների հետ: