2023–ի հունվար–փետրվարին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած փոխանցումները 3.5 անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը։
Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը վկայում է, որ այս տարվա առաջին 2 ամիսների ընթացքում դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը կազմել է 1 100 031 000 դոլար` նախորդ տարվա 308 016 000 դոլարի փոխարեն։
Ընդ որում, գումարային ներհոսքի առյուծի բաժինը ՌԴ–ից ուղարկված տրանսֆերտներինն է 1.1 մլրդ դոլարից ավելի քան 882 մլն–ը Հայաստան է փոխանցվել հենց ՌԴ-ից։ Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է` 84 մլն դոլար ցուցանիշով։
Համեմատության համար նշենք, որ 2022թ–ի հունվար–փետրվարին ՌԴ–ից Հայաստան էր փոխանցվել 123 մլն դոլար, ԱՄՆ–ից` 82 մլն։
Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ 2023թ–ի հունվար–փետրվարին ՌԴ–ից Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 7,1 անգամ։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ–ից կատարված փոխանցումների ծավալը գրեթե չի փոխվել։





























