Եվրամիությունը ժողովրդագրական մեծ փոփոխությունների եզրին է, քանի որ նոր կանխատեսումները վկայում են դարավերջին բնակչության թվի զգալի նվազման մասին, հայտնում է Euronews-ը։
Եվրոպական վիճակագրական ծառայության գնահատմամբ՝ մինչեւ 2100 թվականը բնակչության թիվը կարող է նվազել 6 տոկոսով կամ 27,3 մլն մարդով։
COVID-19-ի համավարակի պատճառով առաջացած երկու տարվա անկումից հետո ԵՄ բնակչությունը սկսեց վերականգնվել 2022 թվականին եւ այս տարվա սկզբին հասավ 451 միլիոն մարդու: Այս աճը մեծապես պայմանավորված է ուկրաինացի փախստականների զանգվածային հոսքով:
Կանխատեսումը կատարվել է մայրցամաքում ծնունդների, մահերի եւ միգրացիայի վերաբերյալ տվյալների հիման վրա։
2100 թվականին 65 եւ բարձր տարիքի մարդիկ կկազմեն բնակչության 32 տոկոսը՝ 2022 թվականի 21 տոկոսի դիմաց։




























