ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի շարք ԶԼՄ-ների հարցազրույցում կարծիք է հայտնել Ուկրաինայի իշխանությունների՝ Ռուսաստանի զավթած բոլոր տարածքները, ներառյալ Ղրիմն ազատագրելու հայտարարությունների վարեբերյալ։
«Այդ որոշումները պետք է կայացնի Ուկրաինան։ Ուկրաինան դեմոկրատիա է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն է կրում երկրի ղեկավարության համար։ Բայց նաեւ պետք է բաց լինի ուկրաինացիների կամքի առջեւ»,- ասել է Բլինքենը Funke մեդիա-խմբի թերթերին եւ «Ouest-France» ֆրանսիական թերթին։
ԱՄՆ-ը պարտավորվել է շատ երկրների հետ միասին օգնել Ուկրաինային իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում, ասել է նա։
«Դեռ հայտնի չէ, թե ինչպես կզարգանա դա առաջիկա շաբաթներին եւ ամիսներին»,- ասել է Բլինքենը։
Ուկրաինայի գործընկերները երկու նպատակ ունեն, ասել է Բլինքենը հարցազրույցում։ «Մեկը՝ մեր ուժերի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել հետ բերել տարածքները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Դա ներառում է հակահարձակումը, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին, հաղորդել է գերմանական NTV ԶԼՄ-ն։
«Երկրորդ՝ Ուկրաինային պետք է աջակցություն ցուցաբերվի նրա միջնաժամկետ եւ երկարաժամկետ պոտենցիալի ավելացման հարցում»,- ասել է նա։
«Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել ուղեգիծը, մենք կապահովենք աննախադեպ ճնշման պահպանումը պատժամիջոցներով եւ արտահանման վերահսկմամբ»,- ասել է Բլինքենը։




























