Եվրամիությունը շաբաթ օրը դատապարտել է Իսրայելում մահաբեր հարձակումները եւ Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծությունը, որին հաջորդել է իսրայելական հարձակումը, եւ հակամարտող կողմերին «զսպվածության» կոչ է արել, հաղորդում է AFP-ը:

«ԵՄ-ն իր լիակատար դատապարտումն է հայտնում այդ բռնություններին։ Դա պետք է դադարեցվի»,-ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Բորելը նաեւ դատապարտել է Գազայի հատվածից եւ Լիբանանի տարածքից իրականացված հրթիռակոծությունը:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, խուսափել հետագա էսկալացիայից եւ նպաստել հանգստությանը շարունակվող կրոնական տոների ժամանակ»,-ասել է Բորելը:

Բորելը հավելել է, որ «բոլոր սուրբ վայրերի ստատուս քվոն պետք է պահպանվի»։

Իսրայելը ուրբաթ գիշերը հրթիռակոծել է Գազայի հատվածն ու Լիբանանը՝ հայտարարելով, որ իր թիրախը պաղեստինյան Համաս խմբավորումն է։ 

Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ լարվածությունը կտրուկ աճել է հրեական Զատկի եւ մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, ինչը զսպվածության միջազգային կոչեր է առաջացրել:

Բռնության վերջին բռնկումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումներից հետո Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի ներսում, որը իսլամի թվով երրորդ սրբավայրն է: