Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ընդհանուր բյուջեն հասցնել 75 միլիարդ դոլարի։

«Պաշտպանական արդյունաբերության նախագծերի թիվը 62-ից հասել է 750-ի, ընկերությունների թիվը՝ 56-ից 2700-ի, երբ մենք իշխանության եկանք [2002թ.], 5,5 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական ծրագրեր էին իրականացվում։

Այսօր այս թիվը գերազանցել է 60 միլիարդ դոլարը, իսկ հետո, հաշվի առնելով մրցութային փուլում գտնվող նախագծերը, պաշտպանական արդյունաբերության բյուջեն ավելացնում ենք մինչեւ 75 միլիարդ դոլար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով բանակին առաջին հայրենական Anadolu դեսանտային նավի հանձնման արարողության ժամանակ։

Ֆինանսավորման ավելացումը, ըստ Էրդողանի, կհանգեցնի «նոր բեկումների բոլոր ոլորտներում»։ «Մենք հասել ենք պաշտպանության ոլորտում արտաքին կախվածության նվազման նկատելի մակարդակի։ Այժմ հայրենական եւ  ազգային մշակումների ու մասնակցության բաժինը հասել է 80 տոկոսի։ Մենք ոչ միայն տեխնիկա ենք ստեղծում, այլ նաեւ զինամթերք ենք արտադրում։ Մեր արտադրանքի պահանջարկը կա երկրի ներսում եւ դրսում»։