ՆԱՏՕ պետք է հրավիրել Ավստրալիային, Իսրայելին եւ Ճապոնիային ու այլ երկրների, որոնք կարող են նկատելի ավանդ ներդնել դաշինքի բյուջեում։ Չորեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական  Ջոն Բոլթոնը The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ հաջորդ նախագահի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծրագրային հոդվածում։

«Մենք պետք է իրականացնենք Խոսե Մարիա Ասնարի (Իսպանիայի նախկին վարչապետ) առաջարկն այն մասին, որ ՆԱՏՕ-ն դարձնենք համաշխարհային՝ հրավիրելով Ճապոնիային, Ավստրալիային, Իսրայելին եւ այլ երկրների, որոնք կարող են իրականացնել ՆԱՏՕ-ի՝ պաշտպանության ծախսերի հետ կապված նպատակները»,- գրել է նա։

Բացի այդ, ասել է Բոլթոնը, Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի հանդեպ՝ մինչեւ այնպիսի նիշեր, որոնք եղել են ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ժամանակ։ Ամերիկացի նախկին պաշտոնյայի կարծիքով՝ դա կարելի է անել ի հաշիվ այլ ճյուղերում դաշնային բյուջեի կրճատման։

Ամենասուր հարցերից մեկը, ըստ Բոլթոնի, այժմ Թայվան զենքի մատակարարումն է։ Նրա կարծիքով՝ «Վաշինգտոնը, ինչպես նաեւ նրա եվրոպական եւ ասիական գործընկերները պետք է ավելի մեծ ռազմական օգնություն ցուցաբերեն եւ Թայբեյը ներառեն երկրների հավաքական անվտանգության համակարգերում»։