Daily Mail-ի լրագրողները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել են այն բանում, որ նա դիվանագիտական առումով վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրա հանդեպ։ Ինչպես նշել է պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Բայդենի պաշտոնական այցի ժամանակ, Բելֆասթի օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորելու ընթացքում։

«Ոմանք կարող են սա դիվանագիտական վիրավորանք անվանել. ԱՄՆ նախագահն արագ ազատվել է վարչապետի ուշադրությունից Բելֆասթում վայրէջք կատարելուց հետո։ Մեծ Բրիտանիայի վարչապետին արագ ողջունելուց հետո Բայդենը շրջվել է, որպեսզի ողջունի Անթրիմ կոմսությունում թագավորի անձնական ներկայացուցչին, իսկ հետո ավելի երկարատեւ ու շատ ավելի բարեկամական գրկախառնություն է ունեցել Ջեյն Հարթլիի՝ Մեծ Բրիտանիայում գլամուրային դեսպանի հետ»,- գրել են Daily Mail-ի լրագրողները։

Պարբերականն ընդգծել է, որ Բայդենի հետ հանդիպման պահը պետք է հատուկ օր դառնար Սունակի համար, որը ցանկանում է վերադարձնել վստահության երբեմնի մակարդակը «ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ լարված հարաբերություններում»։ Բայց դրա փոխարեն վարչապետը «անհարմար վիճակում է հայտնվել», գրել են լրագրողները։