Հոգեւոր աշխարհի խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն եկեղեցական կանոններին խիստ համապատասխան։ Դա վերաբերում է նաեւ Կիեւ-Պեչորյան վանքի հարցին, ծխականների ավանդույթին եւ իրավունքին, որը պետք է հարգել։ Այս մասին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ՏԱՍՍ-ի հարցազրույցում։

Կաթողիկոսի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու համար մեծ ցավ է տեսնել ողբերգական իրադարձություններն Ուկրաինայում։ Ցավոք, ստեղծված ծանր իրավիճակն ազդել է նաեւ եկեղեցական կյանքի վրա։

«Հոգեւոր աշխարհի խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն դարերի ընթացքում սրբազան դարձած եկեղեցական կանոններին խիստ համապատասխան, պետության հովանու ներքո պետք է ապահովվեն հավատացյալների խղճի եւ դավանանքի ազատության իրավունքները։ Ինչ վերաբերում է Կիեւ-Պեչորյան մենաստանին, պետք է հարգել նաեւ պատմական մենաստանի ավանդույթները, նրա սպասավորների եւ ծխականների իրավունքները»,- ասել է ՀԱԵ-ի հայրապետը։

Գարեգին II-ը ցանկություն է հայտնել, որ «Աստծո ողորմածությամբ շուտով վերականգնվեն խաղաղությունը եղբայրական նույնահավատ ժողովուրդների կյանքում, փոխըմբռնումն ու համերաշխությունն ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում»։