ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավն Ուկրաինայում վերածվել է «հսկայական ռազմավարական ձախողման», եւ որ Մոսկվան շուտով կարող է դառնալ «Չինաստանի տնտեսական գաղութը», հայտնում է Reuters-ը: «Միայն մտածեք, թե Ռուսաստանի տնտեսական հեռանկարների վրա ինչ ազդեցություն կունենան ոչ միայն կենդանի ուժերի եւ տեխնիկայի կորուստները, այլեւ այն նվաստացումը, որը զգացել է ռուսական բանակը, նրա թույլ կողմերի բացահայտումը, պատժամիջոցներից եւ արտահանման վերահսկողության միջոցներից երկարաժամկետ վնասը, ինչպես նաեւ ավելի քան հազար արեւմտյան ընկերությունների ելքը»,-ասել է Բեռնսը։ «Մտածեք, որ պատերազմի սկզբում Պուտինը մտադիր էր պառակտել եւ թուլացնել ՆԱՏՕ-ն, իսկ իրականում ՆԱՏՕ-ն այժմ համախմբված է, ինչպես երբեւէ։ Դաշինքն ընդունել է իր նոր անդամին՝ Ֆինլանդիային, եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի եւս մեկին՝ Շվեդիային»,-ասել է նա։ «Եվ եթե նայենք իրական իրավիճակին, ապա կարելի է տեսնել, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է կախված դառնում Չինաստանից եւ որոշ առումներով վտանգում է ժամանակի ընթացքում դառնալ Չինաստանի տնտեսական գաղութը»,-հավելել է Բեռնսը՝ նշելով, որ հենց Պուտինն է Ռուսաստանը տանում դրան։ 

2021 թվականի վերջին նախագահ Ջո Բայդենը Բեռնսին ուղարկել էր Մոսկվա՝ համոզելու Պուտինին պատերազմ չսկսել, սակայն ԿՀՎ տնօրենը  վերադարձավ այն համոզմունքով, որ Ռուսաստանի նախագահն արդեն որոշում է կայացրել։ Բեռնսի կարծիքով՝ Պուտինը հազիվ թե դասեր քաղի վերջին 14 ամիսների ընթացքում թույլ տված իր սխալներից։ «Նա ենթադրում է, որ իրեն կհաջողվի հյուծել ուկրաինացիներին եւ Արեւմուտքին։ Նա մտածում է եւ ուզում է, որ մենք մտածենք, որ նա կարող է ստիպել, որ ժամանակն իր օգտին աշխատի»,-ասել է Բեռնսը։ «Կարծում եմ՝ Պուտինը սխալվեց ներխուժումից առաջ իր ենթադրություններում»,-հավելում է ԿՀՎ տնօրենը։

Մարտին Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելեց Մոսկվա եւ երկարաժամկետ համաձայնագրեր ստորագրեց Պուտինի հետ, որոնք չինական ընկերություններին թույլ տվեցին անհամաչափորեն մեծ շուկա մուտք գործել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ տիեզերքը:    

Ակնկալվում է, որ այդ համաձայնագրերը կընդլայնեն Ռուսաստանի կողմից չինական յուանի օգտագործումը։ Փոխարենը, դիտորդների կարծիքով, Պուտինը քաղել է իրեն անհրաժեշտ օգուտը, այն է՝ Չինաստանը խուսափում է ռուսական ներխուժման ուղղակի դատապարտումից: «Կարծում եմ՝ Ծինփինի եւ Պուտինի գործընկերությունն այսօր շատ ամուր է»,-ասում է Բեռնսը: Այնուամենայնիվ, Պեկինն առայժմ ձեռնպահ է մնում զենք ուղարկել Մոսկվային՝ ռազմի դաշտում օգտագործելու համար։ Չինաստանն առաջարկել Է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու քվազի-խաղաղ ծրագիր եւ հեռու է մնացել միջուկային զենքի ճոճելուց, որով զբաղվում է Պուտինը։ «Սա կարեւոր գործընկերություն է, որին, կարծում եմ, հավատարիմ են երկու առաջնորդները, բայց ամեն դեպքում դա դեռ անսահման ընկերություն չէ»,-եզրափակում է Բեռնսը։