Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ Պակիստանը պատրաստ են աջակցել Աֆղանստանի վերականգնմանը եւ նրա հետ զարգացնել տնտեսական կապերը: Այս մասին ասվում է Սամարղանդում կայացած ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով չորս երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Նախարարները պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս աջակցել Աֆղանստանում խաղաղությանը եւ դրա վերականգնմանը, տնտեսական եւ առեւտրային գործարքներ կատարել նրա հետ, ինչպես նաեւ միջոցներ ներդնել նրա տնտեսության մեջ՝ տարածաշրջանի երկրների եւ միջազգային հանրության աջակցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram-ալիքում: 

Բացի այդ, «նախարարները բարձր են գնահատել տարածաշրջանի երկրների, հատկապես Իրանի եւ Պակիստանի կողմից միլիոնավոր աֆղանստանցիների ընդունելությունը եւ կոչ են արել միջազգային հանրությանը անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ երկրներին»: Հանդիպման մասնակիցները նաեւ կոչ են արել միջազգային հանրության անդամներին շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին: