Հյուսիսային Կորեան ապրիլի 13-ին արձակել է պինդ վառելանյութով միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռ՝ «Հվասոն-18»։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ փորձարկումները «բացասական ազդեցություն չեն ունեցել հարեւան երկրների անվտանգության վրա»։ Հրթիռի շարժիչի երկու աստիճաններն ընկել են ծովում՝ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափից 10 եւ 335 կիլոմետր հեռու։ Նշվել է, որ նոր ՄԲՀ-ն պետք է դառնա երկրի «ռազմավարական զինված ուժերի գլխավոր միջոցը» եւ կարեւոր դեր է կատարելու զսպման համակարգում։

Արձակումը ղեկավարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ «Հվասոն-18» նոր ՄԲՀ-ն կբարձրացնի Հյուսիսային Կորեայի հնարավորությունները հակահարձակման ժամանակ միջուկային հարված իրականացնելիս, տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։