Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածող 21-ամյա Ջեյկ Դագլաս Թեյշեյրան կարող է դատապարտվել տասը տարվա բանտարկության։ Այսպիսի գնահատականով է հանդես եկել The New York Times թերթը։

Ինչպես գրել է պարբերականը, ԱՄՆ արդարադատության նախարար-երկրի գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդի խոսքով՝ կասկածյալին կվերագրվի լրտեսության մասին օրենքի խախտում։ ԱՄՆ օրենքների ժողովածուի 18-րդ բաժնի 793 պարագրաֆը («Պաշտպանության ոլորտին վերաբերող տեղեկատվության հավաքում, փոխանցում կամ կորուստ») նախատեսում է պատիժ այդ տեղեկատվությունը ստանալու համար՝ «այն մտադրությամբ կամ պատճառով, որպեսզի համարվի, որ այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ի վնաս Միացյալ Նահանգների կամ հօգուտ ցանկացած օտարերկրյա պետության»։

Պարագրաֆը նախատեսում է ազատազրկում 10 տարով։ The New York Times-ն ընդգծել է, որ կասկածյալին կարող է ներկայացվել առանձին մեղադրանք՝ կապված ցանցում հայտնված ամեն մի գաղտնի փաստաթղթի հետ։