Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյային առաջարկել է գնալ գրողի ծոցը ի պատասխան ԶԼՄ-ներում հրապարակված ԱՄՆ կառավարության սպառնալիքներին՝ իր երկրի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու վերաբերյալ։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է Venezolana de Televisión-ի եթերում։

«Գրինգոյի ներկայացուցիչը սպառնալիքներ է հնչեցրել Վենեսուելային․ եթե Վենեսուելան առաջ չգնա քաղաքական երկխոսության մեջ Միասնական հարթակի ավազակային, կոռումպացված եւ հայրենիքը վաճառող հատվածի հետ, նրանք պատասխանեն միջոցներ կկիրառեն մեր երկրի դեմ եւ պատժամիջոցներ կսահմանեն: Ես առաջարկում եմ գրինգոյի այս ներկայացուցչին գնալ գրողի ծոցը, քանի որ Վենեսուելային հարգում են»,- ընդգծել է Մադուրոն։

Նրա խոսքով՝ Բոլիվարիայի կառավարությունը չի հանդուրժի Վաշինգտոնի սպառնալիքները։ Մադուրոն նշել է, որ Վենեսուելան իր ջանքերով հաղթահարել է պատժամիջոցների արգելքները։

Ավելի վաղ Europa Press-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում խստացնել սահմանափակող միջոցները, եթե ընդդիմության հետ երկխոսության գործընթացն առաջ չընթանա, իսկ ռեպրեսիաներն ուժեղանան։ Նյութը հայտնվել է Խուան Գուայդոյի՝ իր հնարավոր կալանքի մասին հայտարարությունից հետո։