Բրիտանական իշխանությունները 656 մլն ֆունտ (822 մլն դոլար) են հատկացրել BAE Systems կորպորացիային՝ Ճապոնիայի եւ Իտալիայի հետ համատեղ նոր կործանիչ մշակելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը։
«Ապագա կործանչի մշակման ֆինանսավորման նոր տրանշը կօգնի միավորել մեր երկրի եւ գործընկերների տեխնոլոգիաներն ու գիտելիքները ինչպես Եվրոպայից, այնպես էլ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից»,-այտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Ակնկալվում է, որ մինչեւ 2025 թվականը Միացյալ Թագավորությունը ծրագրում կներդնի 2 մլրդ ֆունտ (2,5 մլրդ դոլար):
Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի նոր սերնդի «Տեմպեստ» համալիրի եւ Ճապոնիայի F-X ի մշակման ծրագրերը GCAP (Global Combat Air Programme) միասնական նախաձեռնության մեջ միավորելու մասին հայտարարվել է 2022 թվականի դեկտեմբերի 9-ին։ Հայտարարության համաձայն՝ նախագծի նպատակն է ստեղծել նորագույն կործանիչ, որը սպառազինության մեջ կհայտնվի մինչեւ 2035 թվականի ավարտը: Առաջատար կապալառու ընկերություններից են բրիտանական BAE Systems կորպորացիան, ճապոնական Mitsubishi Heavy Industries-ը եւ իտալական Leonardo-ն:





























