Ճապոնիայի կառավարությունը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել՝ ապրիլի 13-ին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային արձակման հետ կապված: Այս մասին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Հյուսիսային Կորեայի կողմից նախօրեին բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված՝ մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել, եւ այժմ համաձայնեցվում է այդ հարցը»,- ասել է նա։

«Չափազանց ցավալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի բազմաթիվ խախտումների»,- հավելել է Մացունոն՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանն ու Չինաստանը նախկինում վետո են կիրառել այն բանաձեւերի նախագծերի վրա, որոնք ենթադրում են ավելի կոշտ պատժամիջոցներ ԿԺԴՀ-ի նկատմամբ։

Հյուսիսային Կորեան ապրիլի 13-ին առաջին անգամ արձակել է պինդ վառելանյութով միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռ՝ «Հվասոն-18»։ Արձակումն անձամբ ղեկավարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Պինդ վառելիքի օգտագործումը, համեմատած հեղուկային շարժիչների հետ, որոնցով հագեցած են Փհենյանի միջմայրցամաքային հրթիռները, թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել արձակման նախապատրաստման ժամանակը եւ հրթիռները պահել պատրաստի վիճակում, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել որպես պատասխան հարված հասցնելու միջոցներ։