Անջատողական «Պապուայի ազատ շարժման» ռազմական թեւի զինյալները, որոնք ավելի վաղ Ինդոնեզիայի Արեւմտյան Պապուա նահանգում գրավել էին նորզելանդացի օդաչուին, գնդակոծել են քաղաքացիական ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարում: Այս մասին ուրբաթ հայտնել է The Jakarta Post թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել: Իրավապահ մարմինները դեպքի վայրում ապահովում են անվտանգությունը:
Անջատողական զինյալներն այդ շրջանում պարբերաբար գնդակոծում են ինքնաթիռները։ Այս տարվա փետրվարին նրանք պատանդ էին վերցրել ինդոնեզական Susi Air ավիաընկերության օդաչուին եւ նրա հինգ ուղեւորներին։ Ուղեւորները հետագայում ազատ են արձակվել, իսկ օդաչուն մինչ օրս պատանդ է: Նրա ազատ արձակման դիմաց անջատողականները պահանջում են ճանաչել տարածաշրջանի անկախությունը։ Քաղաքացիական ինքնաթիռները գրոհայինների կողմից գնդակոծվել են նաեւ հունվարի 9-ին, մարտի 7-ին եւ 11-ին:





























