Ռուսաստանը ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ծրագրերում հաշվի է առնում Վրաստանում եւ Մոլդովայում «երկրորդ ճակատ» բացելու Արեւմուտքի փորձերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Մոսկվան հաշվի է առնում նաեւ Բելառուսի հետ սահմանին Լեհաստանի ռազմական կոնտինգենտը։

«Այդ գործոնների ամբողջությունը թույլ չի տալիս որեւէ մեկին թուլանալ, մենք չենք էլ հանգստանում, մենք այդ ամենը տեսնում ենք եւ ամեն ինչ հաշվի ենք առնում եւ՛ ռազմաքաղաքական, եւ՛ դիվանագիտական, եւ՛ այլ հարաբերություններում»,-պարզաբանել է նա։

«Այն, թե ինչպես է Արեւմուտքը վերաբերվում այս կամ այն ղեկավարությանը, պարզ երեւաց, երբ Մոլդովայում բողոքի ցույցեր էին նախագահի եւ կառավարության արեւմտամետ գծի դեմ»,-հավելել է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ գործողություններն ակտիվորեն աջակցվում էին Արեւմուտքի կողմից։