Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային նստաշրջանի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեն չի ընդունվել` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով տարաձայնությունների պատճառով։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Միջազգային արժութային և ֆինանսական կոմիտեի (ՄԱՖԿ) նախագահ, Իսպանիայի փոխվարչապետ Նադյա Կալվինոն։Այս կառույցն ԱՄՀ-ի ղեկավար մարմինն է։

«Մենք արել ենք ամենը՝ համաձայնության կամ կոմյունիկեի հասնելու համար։ Ցավոք սրտի, մենք չենք հասել միասնության՝ պատերազմի հետ կապված ձեւակերպումների առումով»,- ասել է Կալվինյոն։ «Միասնություն էր ձեռք բերվել գրեթե ողջ կոմյունիկեի ընթացքում: Միակ տարրը, որը հնարավոր չէր համաձայնեցնել, այն ձևակերպումն էր, որին մենք հասանք Բալիում», - հավելել է նա:

Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերին G20-ի գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության համաձայն՝ G20-ի երկրների մեծ մասը «խստորեն դատապարտում է պատերազմն Ուկրաինայում», սակայն խմբի անդամների միջև կան նաև «այս իրավիճակի վերաբերյալ այլ տեսակետներ»:

Կալվինյոն նշել է, որ չնայած վերջնական փաստաթղթի բացակայությանը, իրեն «հուսադրում է ՄԱՖԿ-ի հիմնական հարցերի շուրջ միաձայն համաձայնությունը, մասնավորապես՝ կապված ամենախոցելի երկրների վրա համաշխարհային ֆինանսական անվտանգության տարածման անհրաժեշտության հետ»: