Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարները վերջնական որոշում չեն կայացրել Սիրիայի՝ Արաբական պետությունների լիգայի լիիրավ անդամակցության վերականգնման մասին։ Այս մասին վկայում է Ջիդայի հանդիպման մասնակիցների ամփոփիչ հայտարարությունը, որը տարածել է Մամուլի սաուդյան գործակալությունը։
Հայտարարությունում նշվել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «կարծիքներ են փոխանակել այն ջանքերի մասին, որոնք նախաձեռնվել են քաղաքական որոշում կայացնելու համար, որը թույլ կտար հաղթահարել սիրիական ճգնաժամի հետեւանքները, պահպանել Սիրիայի միասնությունը, անվտանգությունը, կայունությունը եւ արաբական ինքնությունը, ինչպես նաեւ երկիրը վերադարձնել արաբական աշխարհի գիրկը»։
ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության վերականգնման հարցը, որին նվիրված էր նախարարների հանդիպումը, փաստաթղթում չի հիշատակվում։ Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են, որ «քաղաքական որոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման միակ միջոցն է», ինչպես նաեւ համաձայնել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել արաբական աշխարհի երկրների միջեւ խորհրդակցությունները՝ այն մեխանիզմների ստեղծման համար, որոնք կնպաստեին երկրի դրության բարելավմանը։
Հայտարարության հեղինակները նշել են ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայի տարածքի հանդեպ պետական ինստիտուտների վերահսկողության պահպանման կարեւորությունը։ Բաից այդ, հանդիպման մասնակիցները կոչ են արել ստեղծել անհրաժեշտ պայմաններ երկրի բոլոր շրջաններ մարդասիրական օգնության առաքման, ինչպես նաեւ՝ սիրիացի փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի համար։
Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարներն ուրաբթ հավաքվել էին Ջիդայում, նրանց նիստը նվիրված էր Արաբական պետությունների լիգային Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնման հարցին։ Խորհրդակցություններն անցկացվում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) հովանու ներքո, որի մեջ մտնում են Սուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը եւ Օմանը։





























