Լեհաստանը Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչուների երկրորդ խմբաքանակն է ստացել։ Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Թվիթերում։
«Լեհաստանի բանակը հերթական Bayraktar-ներն է ստացել։ Հենց նոր հաջողությամբ ավարտվեց անօդաչուների փորձարկումը, որոնք իրականացվել են Միրոսլավեցում, անօդաչու թռչող սարքերի 12-րդ կայանում»,- գրել է Բլաշչակը։
Նա հիշեցրել է, որ Bayraktar անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ վեց մեքենաներից բաղկացած, Լեհաստան է հասել 2022թ. հոկտեմբերին։
Անցած տարվա գարնանը Լեհաստանը Թուրքիայից հարվածային անօդաչու թռչող սարքերի չորս համալիրների գնման համաձայնագիր էր կնքել՝ 24 հատ։ Դրանք ունեն հակատանկային հրթիռներ։ Լեհաստանն անօդաչուների հետ միասին գնում է նաեւ «լոգիստիկ եւ ուսումնական փաթեթ», ինչպես նաեւ սերվիսի օֆսեթ։
Պայմանագրի ընդհանուր արժեքը 270 մլն դոլար է։



























