Սուդանի ԶՈՒ-ն կոչ է արել զինվորներին եւ արագ արձագանքման ուժերի սպաներին միանալ իրենց։

«Արագ արձագանքման ուժերի սպաները, սերժանտներն ու զինվորները պետք է միանան զինված ուժերին եւ զերծ մնան այդ մարտում գործիք լինելուց՝ կատարելով իրենց հրամանատարության անօրինական անձնական հավակնությունները»,-ասվում է Սուդանի զինված ուժերի հայտարարության մեջ: 

Մինչ այդ Սուդանի արագ արձագանքման ուժերը հայտարարել են Հարթումում Հանրապետության պալատը, մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, ինչպես նաեւ երկրի հյուսիսում գտնվող Մերոեի օդային բազան վերահսկողության տակ վերցնելու մասին:

Սուդանի բանակն ու ընդհանուր անվտանգության ծառայությունը արագ արձագանքման ուժերն անվանել են ապստամբ ուժ եւ մեղադրել նրանց պետական եւ ռազմավարական օբյեկտների վրա հարձակման մեջ:

Հինգշաբթի գիշերը Սուդանի բանակը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ նշելով, որ արագ արձագանքման ուժերի տեղակայումը Հարթումում եւ մի շարք քաղաքներում «անօրինական է եւ անցել է առանց զինված ուժերի հետ համաձայնեցման եւ համակարգման»: Բանակի հայտարարության պատճառը, ըստ ԶԼՄ-ների, Մերոե քաղաքի օդանավակայանի մոտ հանկարծակի սկսված անվտանգության ուժերի տեղակայումն է։

Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Սուդանի բանակը նույնպես ստորաբաժանումներ է տեղադրում Մերոեում «անվտանգության բացակայության դեպքում»։