ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տարվա սկզբից ավելի քան 34 մլն դոլար է հավաքել 2024 թվականի իր նախընտրական արշավի համար, ինչին նպաստել է նվիրատվությունների զգալի մեծացումը՝ Նյու-Յորքում նրա դեմ քրեական մեղադրանքներ ներկայացնելուց հետո, համաձայն նրա ընտրարշավի տվյալների, գրում է The Associated Press-ը։

Դրամական միջոցների հավաքման վերաբերյալ Թրամփի վերջին զեկույցը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին եռամսյակում նա ավելի քան 18,8 մլն դոլար է հավաքել իր ընտրարշավի հիմնական հաշվին և դրամական միջոցների հավաքման համատեղ հաշվին, տեղեկացնում են ընտրարշավի ներկայացուցիչները։

2024 թվականի նախագահական մրցավազքի վաղ փուլում Թրամփը գերիշխում է Հանրապետական կուսակցության դաշտում։ Բայց կուսակցության մեծ վճարունակությամբ դոնորներից  շատերն այս անգամ ուզում են իրենց աջակցությունը ուրիշ տեղ ուղղել։