Այսօր` սեպտեմբերի 27-ին, Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն առանց միջադեպի չի անցել։ Ընդդիմադիր պատգամավոր Պետրե Մամրաձեն 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին արտահայտությունների համար ապտակ է ստացել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
«... Ես պնդում եմ, որ այն, ինչ եղել է 2008 թվականի օգոստոսին, Միխայիլ Սահակաշվիլիի սադրանքն է...»,- հայտարարել է Մամրաձեն եւ չհասցնելով ավարտել արտահայտությունը՝ խորհրդարանի Շրջակա միջավայրի եւ բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Ակակի Բոբոխիձեի կողմից ապտակ է ստացել։
Խորհրդարանականները բաժանել են նրանց, սակայն մի քանի րոպեների ընթացքում մեծ աղմուկ է բարձրացել։ Մեծամասնություն կազմող պատգամավորները իրենց տեղերից բղավել են, որ Մամրաձեին «զանգահարել են Մոսկվայից» եւ նա «կատարում է Մոսկվայի պատվերը»։




























