Ակնհայտ է, որ իշխանությունները կանգ են առել կես ճանապարհին եւ գալիս է պահը, երբ խաղի մեջ պետք է մտնի ժողովուրդը։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ 

«Մենք հայտարարել էինք, որ սեպտեմբերին իշխանությունները պետք է կողնորոշվեին արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։ Տեխնիկապես դեռ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ կա, բայց չեմ կարծում, որ Հայաստանում կա պատրանք ունեցող որեւէ մեկը, թե իշխանությունները պատրաստ են որեւէ զիջման։ Նրանք զիջումների պատրաստ էին գարնանային մեր հզոր հանրահավաքների ազդեցության ներքո։ Եւ գնացին լուրջ զիջումների։ Այժմ իշխանություններն ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին եւ զիջման չեն գնում։ Նրանք համարում են, որ լարվածությունը թուլացել է, եւ հետագա զիջումների կարիք չկա։ Նրանք չեն հասկանում, որ լարվածությունը թուլացել է հետեւյալ պատճառով. ժողովուրդը սպասում է, որ իր պահանջները կկատարվեն երկխոսության միջոցով»,- ասաց նա:

ՀԱԿ-ի համակարգողի խոսքով, հենց դա էր պատճառը, որ երկխոսության միջոցով իրենք փորձել են ժողովրդի ձայնը հասցնել իշխանություններին, սակայն այսօր ստիպված են եզրակացնել, որ իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը։

«Ուստի այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը պետք է նորից մտնի խաղի մեջ, եւ իշխանություններին իր ձայնը հասցնի ուղիղ կերպով՝ հանրահավաքների բազմամարդությամբ, վճռականությամբ եւ կոնկրետ գործողություններով»,- նկատեց ՀԱԿ համակարգողը։