ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին:

Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը եւ այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պարոն Շուտցը նշել է, որ  իր գործընկերների եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ: Միաժամանակ, նա անդրադարձել է իր ճարտարապետական նախագծերին՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության եւ անձամբ իր համար ունի շատ կարեւոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետեւողականորեն շարժվում է նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, երեք կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին եւ այլ հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ԿԳՄՍ-ի հետ՝ ըստ համապատասխան ժամանակացույցի: