ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, որը ներառելու է զինամթերքներ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի, ինչպես նաեւ հրետանու համար։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։

«Օգնության փաթեթը, որի մասին կհայտարարվի պետդեպարտամենտի եւ պաշտպանության նախարարության կողմից, ներառում է լրացուցիչ զինամթերքներ HIMARS ՀԿԶՀ-ի համար, որոնք Ուկրաինան օգտագործում է արդյունավետորեն, ինչպես նաեւ լրացուցիչ արկեր հրետանու համար, նռնականետեր եւ հաուբիցներ, հակատանկային սպառազինություն»,- ասել է Ժան-Պիեռը ճեպազրույցի ժամանակ։

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր ուղարկել Ուկրաինա սպառազինություն մատակարարելու պատճառով։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար սպառազինություն պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ է Ռուսաստանի համար։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ՆԱՏՕ երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինային զենքով ապահովելն Արեւմուտքի կողմից չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ բացասական էֆեկտ կունենա։ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ուղիղ մասնակցում են հակամարտությանն Ուկրաինայում, «այդ թվում ոչ միայն զենք մատակարարելով, այլեւ կադրեր պատրաստելով... Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ այլ երկրների տարածքում»։