Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների ելույթներն ընտրարշավում հուսահատության զգացողություն են առաջացնում, քանի որ նրանք օգտագործում են հնացած հռետորաբանություն, որպեսզի ընտրողներին շեղեն վատ կառավարվող տնտեսությունից։ Այս մասին նշվել է Bloomberg-ի հոդվածում՝ նվիրված Էրդողանի ընտրարշավի վերլուծությանը։
Մեկնաբան Բոբի Գոշը գնահատել է, թե ինչպես կարող են զարգանալ հարաբերություններն Արեւմուտքի հետ Թուրքիայում ընտրություններից հետո։ Անդրադառնալով Արեւմուտքի հասցեին Էրդողանի հայտարարություններին՝ Գոշը նշել է, որ «նման հիստերիկ հայտարարություններն արեւմտյան դավադրությունների մասին՝ հնարավոր պարտության պատրվակ են»։
Նա նաեւ գնահատել է ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուի՝ ընդդիմության միակ թեկնածուի հաղթանակի հավանականությունը։ Գոշը նշել է, որ արեւմտյան ղեկավարները պետք է զգուշություն ցուցաբերեն եւ այնքան էլ չվստահեն Քըլըչդարօղլուին, որպեսզի խուսափեն հուսահատությունից։ «Քըլըչդարօղլուն հազիվ թե կարողանա արագ վերացնել Թուրքիայի եւ արեւմտյան դաշնակիցների հարաբերությունները փչացնող փշերը։ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, որոնք կարող են սպառնալ ՆԱՏՕ-ի պաշտպանունակությանը, ավելի վաղ արժանացել է Քըլըչդարօղլուի հավանությանը։ Նա նաեւ ասել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որը դարձել է Թուրքիայի կարեւոր առեւտրային գործընկերներից մեկը, ինչպես նաեւ էներգառեսուրսների հիմնական մատակարարը։ «Մոսկվան բարեհաճ չի լինի գործարքից Անկարայի հրաժարվելու հանդեպ»,- նշել է պարբերականը։ Բացի այդ, հոդվածի համաձայն, Քըլըչդարօղլուն ցանկանում է միջնոդրի դեր խաղալ ռուս-ուկրաինական պատերազմում, եւ նա կհիասթափեցնի Արեւմուտքին նաեւ այս ոլորտում։




























