Ռուսաստանն ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիային Սիրիայում մեղադրել է ապահակամարտեցման (դեկոնֆլիկտացիայի) արձանագրությունները խախտելու մեջ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռների դեմ կոալիցիայի ինքնաթիռների ուղղորդման ակտիվացման հաճախակիացած դեպքերի մասին, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

ԱՄՆ-ն դրանից առաջ ռուս օդաչուներին մեղադրել էր Սիրիայում ագրեսիվ պահվածքի մեջ։

Խախտումների մասին տեղեկացրել է Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի (ենթարկվում է ՊՆ-ին) փոխտնօրեն, ծովակալ Օլեգ Գուրինովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հետեւել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրին։ «ԱՄՆ գլխավորած այսպես կոչված միջազգային հակաահաբեկչական կոալիցիան շարունակում է կոպտորեն խախտել ապահակամարտեցման արձանագրությունները եւ ռուս-ամերիկյան երկկողմ հուշագիրը։ Խախտումները կրում են նպատակաուղղված եւ պարբերական բնույթ»,- նշվել է Գուրինովի հայտարարությունում։

Կոալիցիայի ինքնաթիռների ուղղորդման մարտական համակարգերի ակտիվացման դեպքերը համարվել են որպես ԱՄՆ-ի կողմից համաձայնագրերի խախտման օրինակ։ Ռուս օդաչուներն այդպիսի փաստեր արձանագրում են Սիրիայի արեւելյան շրջաններում պլանային թռիչքներ կատարելու ժամանակ։

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ապրիլի վերջին մեղադրել էր ռուս օդաչուներին Սիրիայի երկնքում ագրեսիվ պահվածքի համար։ Պենտագոնը չի բացառել, որ Ռուսաստանի ՌՕՈւ օդաչուները կարող են սադրել ամերիկացի գործընկերներին, ինչը կհանգեցնի միջազգային միջադեպի։

Մարտի կեսին ամերիկյան անօդաչուն ընկել է Սեւ ծովը ռուսական կործանիչին մոտենալուց հետո։ Վաշինգտոնի կարծիքով՝ ինքնաթիռն է խփել սարքը, բայց ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է այս պնդումը։