Անհայտ անձինք Նիժնի Նովգորոդի մարզում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան։ Նա ողջ է մնացել, բայց վիրավորում է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունները։ «ՌԻԱ Նովոստի»-ին նրա մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նրա վիճակը կարգին է։
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Բորի շրջանի մայրուղում։ «Ինտերֆաքսի» տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Պիոներսկոյե գյուղում։ Պայթյունի հետեւանքով զոհվել է մեքենայի վարորդը։ Ինչպես գրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայությանը, մեքենայի տակ դրվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այն գործի է դրվել հեռահար կառավարմամբ։
Baza նախագծի տեղեկացմամբ՝ մեքենայում է եղել նաեւ Պրիլեպինի դուստրը։ Նա մեքենայից իջել է պայթյունից մի քանի րոպե առաջ։
Զախար Պրիլեպինի մամուլի ծառայությունում հավաստիացրել են, որ նրա հետ ամեն բան կարգին է։ «Թե ինչ է տեղի ունեցել՝ ներկա պահին պարզված չէ։ Զախար Պրիլեպինի վիճակը կարգին է»,- տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին։ Նիժնի Նովգորոդի նահանգապետ Գլեբ Նիկիտինը նույնպես նշել է, որ Պրիլեպինը կարգին վիճակում է։ «Այժմ իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները եւ պատճառները»,- գրել է նա Թելեգրամում։
ՌԲԿ-ն, հղում կատարելով աղբյուրին, գրել է, որ, նախնական տվյալներով, Պրիլեպինը վիրավորվել է ոտքից։ Նա վերադառնում էր Դոնբասից։ Տեղեկությունը հաստատել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ նա հոսպիտալացվել է։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է մի ինչ-որ «ԱՏԵՇ» կազմակերպություն։ Նրանց Թելեգրամ-ալիքում նշվել է, որ շարժումը հետապնդում էր Պրիլեպինին տարեսկզբից։ Խումբն իրեն անվանում է ուկրաինացիների եւ Ղրիմի թաթարների զինվորական շարժում», տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։





























