Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է հարավկորեացիներին, որ «իր սիրտը ցավում է», երբ մտածում է Ճապոնիայի գաղութարար կառավարման շրջանում նրանց տառապանքների ու ցավի մասին, տեղեկացնում է Reuters-ը։

Կիսիդան Ճապոնիայի առաջին առաջնորդն է, որ այցելել է Հարավային Կորեա վերջին 12 տարվա ընթացքում։

Երկրի նախագահ Յուն Սուկ Յոլի հետ բարձր մակարդակով հանդիպումից հետո ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Կիսիդան ձեռնպահ է մնացել 1910-1945 թթ․-ի նվաճման ժամանակ կատարված սխալների համար ներողություն հայտնելուց, բայց ասել է, որ իր կառավարությունը ժառանգում է նախորդ վարչակազմերի դիրքորոշումը, որոնցից մի քանիսը ներողություն են հայտնել։

Իր հերթին Յունը հայտարարել է, որ չլուծված պատմական խնդիրները չպետք է նշանակեն, որ չի կարելի կապերը խորացնելու քայլեր ձեռնարկել։

Համագործակցությունն աշխուժացնելու առաջնորդների խոստումները հավանության են արժանացել Միացյալ Նահանգների կողմից, որպես միջոց «ավելի լավ դիմակայելու Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին և Չինաստանի հետ մրցակցությանը»։