Մանկական ամուսնությունների թիվն աշխարհում նվազում է, բայց չափազանց դանդաղ տեմպերով, ինչը հույս չի թողնում, որ դրանք կվերանան այս հարյուրամյակում։ Այսպիսի հայտարարություն է արել ՅՈւՆԻՍԵՖ-ը։ Նոր հաշվետվությունում գործակալությունը հաստատել է մանկական ամուսնությունների կրճատման փաստը։ Բայց այնուհետեւ փաստաթղթի հեղինակները նշել են, որ դա բնավ չի համապատասխանում կայուն զարգացման նպատակին՝ աշխարհն «ազատել» մանկական ամուսնություններից մինչեւ 2030 թվականը։

«Լավ նորությունն այն է, որ մանկական ամուսնությունների թիվն ամբողջ աշխարհում կրճատվում է»,- ասել է հաշվետվության առաջատար հեղինակ Կլաուդիա Կապան։

«Վերջին 10 տարում մանկական ամուսնությունները նվազել են՝ 23-ից հասնելով 19 տոկոսի։ Այնուամենայնիվ, դա բավական չէ մինչեւ 2030թ. մանկական ամուսնությունների վերացման նպատակին հասնելու համար, երբ ամեն տարի մինչեւ 18 տարեկան ավելի քան 12 մլն աղջիկ է ամուսնանում։ Այնպես որ, եթե ոչինչ չփոխվի, եւս մոտ 300 տարի կպահանջվի, որպեսզի լիովին արմատախիլ արվեն մանկական ամուսնությունները»,- ասել է Կապան։

ՄԱԿ գնահատականներով՝ այսօր ապրող 640 մլն աղջիկ եւ կին ամուսնացել է 18-ը լրանալուն պես, մոտ 12 մլն անչափահաս աղջիկ ամեն տարի հարսնացու է դառնում։

«Մանկական ամուսնությունները տարբեր տեղերում տարբեր պատճառներ ունեն, բայց հաճախ կան ընդհանուր գծեր՝ կապված աղքատության եւ աղջիկների սահմանափակ հնարավորությունների հետ»,- ասել է Կապան։ «Գենդերային անհավասարությունը, կարծրատիպերը, թույլ օրենքները եւ արտամուսնական հղիության վախը նույնպես նպաստում են դրան»,- ավելացրել է հաշվետվության հեղինակը։