Այսօր օդային տագնապի ժամանակ ռուսական զորքերը հարված են հասցրել Խմելնիցկու մարզում։ Այս մասին տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով Խմելնիցկու մարզի իշխանություններին։
«Ցավոք, հարված է հասցվել կրիտիկական ենթակառուցվածքին։ Օբյեկտը բնակավայրերի սահմաններից դուրս է։ Պահպանում ենք հանգստություն։ Համապատասխան ծառայություններն աշխատում են։ Առանձին գնացքներ այսօր կաշխատեն փոփոխված ժամանակացույցով»,- նշվել է հաղորդագրությունում։
Խմելնիցկու մարզային ռազմական վարչակազմի պետի տեղակալ Սերգեյ Տյուրինը հեռուստամարաթոնի եթերում տեղեկացրել է, որ պայթյունի հետեւանքով կան տուժածներ։
«Եղել է հարված կրիտիկական ենթակառուցվածքի դեմ, որը գտնվում է բնակավայրի սահմաններից դուրս, ուղիղ սպառնալիք բնակչությանը կամ բնակելի տներին չի եղել։ Բայց պայթյունի ալիքից վնասվել են պատուհանները, դռները։ Տեղեկություն կա ապակիների կտորներից 5 տուժածի մասին։ Մարդկանց օգնություն է ցուցաբերվում»,- ասել է նա։
Առավոտյան ժամը 5-ին մոտ իշխանությունները տեղեկացրել են, որ մարզի տարածքում պայթյուններ են լսվում։
Հարվածի հետ կապված՝ Խմելնիցկու մարզում մայիսի 13-ին գնացքների ժամանակացույցի փոփոխություն է կատարվել։
Այսօր գիշեր Ուկրաինայի զգալի մասում հնչել է օդային տագնապ, որը տեւել է մինչեւ առավոտյան ժամը 5-ը։ Բացի Խմելնիցկու մարզից, գրանցվել է դրոնների գրոհ Կիեւի վրա, նշել է ԶԼՄ-ն։ Ուկրաինական ՀՕՊ-ը խփել է երկու կամիկաձե անօդաչու։





























