Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նաև փոխել մեթոդաբանությունը:

«Մեզ մոտ կրթության որակին առնչվող բազմաթիվ հարցեր կան: Անկախ այն բանից,  որ մանկապարտեզների աշխատանքի կազմակերպչական դերը Երևանի քաղաքապետարանինն է, բովանդակային իմաստով, կարծում եմ, մի փոքր ակտիվ կարող ենք լինել, աշխատել ԿԳՄՍ նախարարության հետ և  որպես առաջնային օղակ ներկայացնել բովանդակությունը լրամշակելու մեր առաջարկները: Այս առումով կարելի է մեր համակարգում ներդնել նաև մասնավոր մանկապարտեզների հաջողված  փորձը»,-նշել է փոխքաղաքապետը: