Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր այցելել է անտառնտեսության զոհված աշխատակիցների հարազատներին։ Այդ աշխատակիցները դարձել են «Սեմեյ օրմանի» բնական արգելոցի մասշտաբային հրդեհի զոհեր։ Տոկաեւը ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, տեղեկացրել է Kazakhstan Today-ը՝ հղում կատարելով նախագահի մամուլի ծառայությանը։
Ղազախստանի նախագահը հունիսի 12-ը հայտարարել է Սգո օր։
Նա խոստացել է, որ ողբերգության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Տեղեկացվել է, որ Տոկաեւը աշխատանքային այցով մեկնել է Աբայի մարզ։ Նա ուղղաթիռից զննել է հրդեհից տուժած անտառները։ Մինչ այդ պետության ղեկավարը կառավարությանը հանձնարարել էր գործի դնել առկա տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները հրդեհին դիմակայելու համար։
Ղազախստանի նախագահն ավելի ուշ ժամկետի է հետաձգել հունիսի 11-13-ին նախատեսված պաշտոնական այցը Վիետնամ եւ որոշել է մեկնել Աբայի մարզ։ Հունիսի 10-ին Տոկաեւը պաշտոնից հեռացրել է արտակարգ իրավիճակների նախարար Յուրի Իլյինին, որը գերատեսչությունը գլխավորում էր 2020թ. սեպտեմբերից, եւ նրա պաշտոնում նշանակել է Սիրիմ Շարիպխանովային։ Բնապահպանության նախարարությունը մինչ այդ հրապարակել էր զոհվածների անունների ցուցակն ու լուսանկարները։ Ցուցակում 14 մարդ է, նրանց մեջ կա մեկ կին։





























